«Մի դրամի ուժն» ամփոփում է հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ շահառուի անունը

IDBank-ն ու Իդրամը, ամփոփելով «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը, 6․962․504 ՀՀ դրամ են փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Գումարը հավաքվել է շնորհիվ ընկերությունների հաճախորդների, որոնք վճարումներ են կատարել Իդրամով, IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով, իսկ ընկերությունները յուրաքանչյուր վճարման դիմաց Վերականգնողական կենտրոնին են փոխանցել 1 դրամ։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամսական կտրվածքով նշված համակարգերով վճարումների քանակական նկատելի աճ ունենք, իսկ դա նշանակում է, որ մեր հաճախորդները գիտակցում են, որ իրենք էլ բարեգործության մի մասն են, ու որքան շատ վճարումներ կատարեն Իդրամով, այնքան ավելի մեծ գումար կփոխանցվի այս կամ այն նախաձեռնությանը», - ասել է Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ հետպատերազմական շրջանում, երբ մեր հասարակության ուշադրության կենտրոնում հայրենիքի պաշտպաններն են, IDBank-ն ու Իդրամը շարունակում են աջակցությունը վիրավոր զինծառայողներին՝ այս տարվա ԿՍՊ ծրագրերի հիմքում դնելով մեր հայրենիքի պաշտպաններին արժանապատիվ ու առողջ ապագա ապահովելու ձգտումը։ «Մենք արդեն համագործակցել ենք «ՎԻՎԱ – Բժիշկներ և Կամավորներ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հետ, որը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան շրջանում աջակցում է Արցախին՝ բժիշկների վերապատրաստման, բուժսարքավորումներով ապահովման և վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բուժումներն անցկացնելու միջոցով։ Առաջիկա երեք ամսում «Մի դրամի ուժի» ամբողջ ուժը կուղղվի հենց «ՎԻՎԱ» հիմնադրամին։ Հուսով ենք, որ մեր օգտատերերն էլ ավելի ակտիվորեն կկատարեն վճարումները, որպեսզի մայիսի 31-ին հնարավորինս մեծ գումարով կարողանանք օգտակար լինել մեր զինվորներին»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, պատմելով հիմնադրամի ծրագրերի մասին, նշել է, որ այս պահին մոսկովյան լավագույն հիվանդանոցներում բուժում են ստանում աչքի վիրավորում ստացած մեր զինծառայողները։ «Քանի որ Հայաստանում աչքի պրոթեզավորման և որոշ այլ վիրահատությունների հնարավորությունները սահմանափակ են, մենք նման վիրավորում ստացած զինծառայողների բուժումն իրականացնում ենք Մոսկվայում։ Բացի այդ՝ այս պահին արդեն սկսել ենք ծրագիր, որի շրջանակում Մոսկվայից բժիշկներ և մասնագետներ են ժամանում Հայաստան և Արցախ՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն տրամադրելու նպատակով։ Մեր բժիշկների այցերը պարբերական բնույթ են կրելու, սակայն մենք չենք դադարեցնում նաև Հայաստանի և Արցախի հատկապես սահմանամերձ գոտիների բժիշկների վերապատրաստման ծրագիրը Ռուսաստանում։ Ուրախ ենք, որ Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն առաջիկա 3 ամիսներին հենց հիմնադրամի աջակցությանն է ուղղված լինելու։ Ինքս Իդրամի օգտատեր եմ և ամեն վճարում կատարելիս հրճվանք եմ ապրում, երբ ընկերություններն իմ փոխարեն մեկ դրամ փոխանցում են նախաձեռնությանը»,- ասել է Տատյանա Հովհաննիսյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել Բանկի ու Իդրամի հաճախորդների կողմից։ Ծրագրի մեկնարկից սկսած՝ երեխաների համար համակարգիչներ գնելու նպատակով, Համահայկական և 1000+ հիմնադրամներին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին և այլ նախաձեռնություններին ընդհանուր առմամբ փոխանցվել է ավելի քան 18 մլն ՀՀ դրամ։

Ընկերություններում հիշեցրել են, որ յուրաքանչյուր անձ կարող է նպաստել, որ ավելի մեծ գումար տրամադրվի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Իդրամով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել արդեն 4500-ից ավելի վաճառակետերում և ավելի քան 400 առցանց խանութներում։ Գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт