Chat with us, powered by IDBank
Սեպտեմբերի, 06 2018
Հայաստանում Ամերիկյան դեսպանությունը IDBank-ի աջակցությամբ կազմակերպեց Ֆրենչայզինգի համաժողով

Հայաստանում Ամերիկյան դեսպանությունը IDBank-ի աջակցությամբ կազմակերպեց Ֆրենչայզինգի համաժողով

Ս.թ. սեպտեմբերի 5-ին Երևանում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ IDBank-ի հետ համատեղ, կազմակերպել էին «Ֆրենչայզինգը Հայաստանում» մեկօրյա համաժողով:

Կարևորելով Հայաստանում ֆրենչայզինգի զարգացման հեռանկարներն ու ամերիկյան գործարարների հետ հայ ներդրողների կապերի ակտիվացումը՝ IDBank-ը, հովանավորելով ամերիկյան դեսպանության այս նախաձեռնությունը, նպատակ ունի աջակցել հայ ներդրողներին և ամերիկյան գործարարներին բացահայտելու Հայաստանում ֆրենչայզինգի գործունեության հնարավոր ոլորտներն ու համագործակցության հեռանկարները։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Ամերիկյան երեք խոշոր կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի, Baskin Robbins-ի և Domino’s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարար և պետական պաշտոնյաներ։ Ամերիկյան կողմը ներկայացրեց ֆրենչայզինգի իր հայեցակարգը, տեղական հայտնի ընկերությունների ներկայացուցիչներն էլ խոսեցին բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության մասին:

IDBank-ի Միջազգային առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Իննեսա Ամիրբեկյանն իր ելույթում ներկայացրեց բանկերի կողմից ֆրենչայզների ֆինանսավորման լուծումներն ու հնարավորությունները: «Բանկերը կարևոր օղակ են հանդիսանում ֆրենչայզինգի ներդրման և զարգացման գործում, քանի որ, ինչպես դա ընդունված է համաշխարհային պրակտիկայում, բանկերը հատուկ մասնագիտացված բաժինների միջոցով ֆրենչայզինգի ոլորտում ներգրավված իրենց հաճախորդներին առաջարկում են ոչ միայն ֆինանսական ծառայություններ, այլ նաև բարձր մասնագիտական խորհրդատվություն և համագործակցություն։ Չնայած Հայաստանի բանկային համակարգում ֆրենչայզինգի ֆինանսավորման ծրագրեր դեռ չեն գործում, IDBank-ն առաջարկում է հատուկ լուծումներ այն գործարարներին, որոնք մտադիր են սկսել կամ ընդլայնել իրենց բիզնեսը ֆրենչայզինգի միջոցով»,- ասել է Իննեսա Ամիրբեկյանը։

Նշենք, որ նմանատիպ համաժողով կազմակերպվել է 2015թ․ին, ինչի արդյունքում Tutti-Frutti Frozen Yogurts-ը տեղի գործընկերների հետ ձեռք բերված ֆրենչայզինգի պայմանավորվածության համաձայն Հայաստանում հիմնեց ընկերության երկու կետ։

վերադառնալ ցանկին