IDBank-ը մասնակցել է Հայաստանի Բանկերի միության՝ «ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրին
Հայաստանի Բանկերի միության «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրի շրջանակում IDBank-ը Անգլիական այգում անցկացրել է «Վճարային քարտեր, դրանց կիրառելիությունը» թեմայով ինտերակտիվ դասախոսություն։ Բանկի թվային ուղիներով վաճառքների բաժնի ղեկավար Հրաչյա Պապիկյանն ու մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը ուսանողներին են ներկայացրել վճարային քարտերի տեսակները, դրանց կիրառման նպատակահարմարությունն այս կամ այն դեպքում, տվյալ շուկայի զարգացման միտումներն աշխարհում և Հայաստանում։ Բանախոսները պատասխանել են նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Այնուհետև խաղարկություն է անցկացվել․ հաղթողը ստացել է IDBank-ի հատուկ մրցանակ, դասախոսության բոլոր մասնակիցներն էլ՝ հուշանվերներ։ Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Բանկը մեծ կարևորություն է տալիս կրթությանը, որը IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկն է․ «Ֆինանսներն, առհասարակ, այն ոլորտն է, որից պետք է գլուխ հանել․սկսած անձնական բյուջեի պլանավորումից մինչև բանկային գործարքներ՝ ժամանակակից աշխարհում մեզնից յուրաքանչյուրն ուզի, թե ոչ կյանքի որոշակի փուլում առնչվում է այս ոլորտին։ Կարող է թվալ, թե դա յուրաքանչյուր անձի գործն է՝ կհասկանա՞, թե ինչ գործարք է անում, թե ոչ, կկարողանա՞ ճիշտ պլանավորել վարկ վերցնելու կամ ավանդ ներդնելու գործարքը, բայց՝ ոչ։ IDBank-ը շահագրգռված է ունենալ գրագետ հաճախորդ, ով տալիս է ճիշտ, իրեն օգտակար հարցադրումներ և ստանում սպառիչ պատասխաններ։ Այս համատեքստում IDBank-ը՝ իր մասնագետներով, ռեսուրսներով պատրաստ է ամեն կերպ աջակցել բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանն ու հավելել, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու։ Հիշեցնենք՝ IDBank-ը 5 ուսանողի շնորհել է 1-ական մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար, արդեն 2-րդ փուլով անցկացնում է «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագիրը, որով ավարտական կուրսի ուսանողները հնարավորություն են ստանում Բանկում երկամսյա դասընթացն անցնելուց հետո դառնալ Բանկի աշխատակից։ Բանկը նաև միացել է World Vision Armenia բարեգործական կազմակերպության «Դպրոցի ճամփան» նախաձեռնությանը, որի նպատակն է անապահով ընտանիքների երեխաներին ապահովել դպրոցական հագուստով և առաջին անհրաժեշտության դպրոցական պարագաներով։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт