Կարեն Նալբանդյան. Ուրախ ենք աջակցել Rock Aid Armenia-ի հոբելյանին
Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երեւանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է:

Մեդիամաքսը զրուցել է IDBank-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Նալբանդյանի հետ:

- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս որոշեցիք աջակցել Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակի տոնակատարությանը, որին մասնակցելու համար Երեւան են գալու Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին:

- Անհավատալի է, բայց նախագիծն արդեն 30 տարեկան է: Հիշում եմ զգացմունքներս, երբ 1989 թվականին տեղեկացա, որ ռոքի լեգենդներ Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Րիչի Բլեքմորը, Դեյվիդ Գիլմորը, Բրայան Մեյը եւ այլոք Լոնդոնում միացել են Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնությանը՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու համար:

Անչափ հուզիչ էր, որ մարդիկ, որոնք մեր երաժշտական կուռքերն էին, չկարողացան աչք փակել այն ողբերգության վրա, որը պատուհասել էր Հայաստանին: Այն ժամանակ առաջին անգամ գիտակցեցի, թե ինչ է կարեկցանքը, մարդասիրությունը, պատասխանատվությունն ու անհատականությունների դերը:

Երբ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը մեր զրույցի ընթացքում հիշատակեց Rock Aid Armenia նախաձեռնության հոբելյանական տարեդարձի եւ Իէն Գիլանին եւ Թոնի Այոմիին կրկին Հայաստան հրավիրելու ցանկության մասին, մենք փաստացի հընթացս առաջարկեցինք օժանդակել այս նախաձեռնությանը:

Հենց այդպես էլ ստացվեց IDBank-ի եւ Մեդիամաքսի համագործակցությունը, եւ անչափ ուրախ ենք, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մասնակցել այս նախաձեռնությանը, քանի որ շնորհակալ լինելը, մարդկային բարությունը հիշելու ունակությունը շատ կարեւոր հատկանիշներ են:

- Ինչպե՞ս է տոնվելու Rock Aid Armenia-ի հոբելյանը:

- Հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանդիսավոր երեկո Իէն Գիլանի, Թոնի Այոմիի եւ Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիի մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում կներկայացվի Rock Aid Armenia նախագծի պատմությունը:

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Ջոն Դին նաեւ կայցելեն Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

- Ո՞րն է Ձեզ համար Rock Aid Armenia նախաձեռնության գլխավոր խորհուրդն ու արժեքը:

- Այս նախաձեռնությունը թերեւս բացառիկ է նրանով, որ շարունակում է «կենդանի» մնալ արդեն երեք տասնամյակ: 1989-1990 թվականներին ծնված նախագիծը նոր կյանք ստացավ 20 տարի անց, երբ 2009-ին Մեդիամաքսը նախաձեռնեց Armenia Grateful 2 Rock եւ Հայաստան հրավիրեց Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Ջոն Դիին, Ջեֆ Դաունսին եւ Պետ Քեշին: Այցելելով Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որը տնակներում էր գործում, աստղերը որոշեցին օգնել վերակառուցել այն: Եվ արդեն 6 տարի է, ինչ դպրոցի սաները սովորում են լուսավոր եւ հարմարավետ քարե շենքում:

Նախագիծը նաեւ մեծ ստեղծագործական արժեք ունի: Մարդիկ մինչեւ հիմա հիացմունքով են խոսում 2010 թվականի մարտին Երեւանում կայացած Իէն Գիլանի եւ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգների մասին: Նույն 2010 թվականին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին ստեղծեցին բարեգործական WhoCares սուպերխումբը եւ երգու նոր ձայնագրեցին: Սա նրանց համագործակցության առաջին փորձն էր 1981 թվականից հետո, երբ Իէն Գիլանը մեկ տարով միացել էր Black Sabbath խմբին: Այսպիսով, բացի նրանից, որ նախագիծը օգնել եւ օգնում է Հայաստանին, այն նաեւ ռոք-աստղերի նոր համագործակցության հնարավորություններ է ստեղծում, ինչը պարզապես հիանալի է:

- Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի՞ն են բանկի ղեկավարության երաժշտական ճաշակները: Արդյո՞ք սիրում եք ծանր ռոք եւ, մասնավորապես, Deep Purple եւ Black Sabbath:

- Դժվար է բոլորի փոխարեն հստակ պատասխան տալ (ժպտում է -խմբ): Բանկի թոփ-մենեջմենթը, մի քանի բացառություններով, սերնդակիցներ են, ու ես գրեթե վստահ եմ, որ այսօր արդեն դասական համարվող խմբերը՝ Deep Purple, Black Sabbath, Led Zeppelin, Pink Floyd, Վարչության անդամների երաժշտական նախասիրությունների առաջին հորիզոնականներում են։ Մենք եւ մեր ծնողները, չնայած խորհրդային իշխանությունների բացասական վերաբերմունքին, երիտասարդությունն անցկացրել ենք այդ երաժշտության ներքո: Մեր ծնողները մի կերպ հայթայթում էին վինիլները, ձայնագրությունները, արտագրում էին իրարից նոր ու հին հիթերը։ Թվային տեխնոլոգիաների պայմաններում ապրող այսօրվա երիտասարդներին, որոնք կարող են ուզած երգը գտնել մեկ քլիքով, դա դժվար է բացատրել (ժպտում է -խմբ):

Նշված խմբերի մի քանի ալբոմներ ուղեկցում են ինձ ամենատարբեր իրավիճակներում՝ մարզվելիս, ճանապարհորդելիս, հանգստի ժամանակ, մեքենա վարելիս։ Թվում է՝ երբեք չեմ հոգնի լսել այդ ալբոմները։ Ընդ որում, դպրոցում, համալսարանում այդ ստեղծագործություններն այլ կերպ էին ընկալվում, հիմա՝ վերաարժեւորում է տեղի ունեցել, եւ այդ երաժշտության արժեքը միայն աճել է։

- Rock Aid Armenia-ն բարեգործական ծրագրին աջակցելը լավ առիթ է, որպեսզի խոսեք IDBank-ի սոցիալական պատասխանատվության քաղաքականության հիմնական թիրախների մասին:

- Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ IDBank-ը՝ որպես սոցիալական պատասխանատվություն ունեցող եւ ստանձնող կազմակերպություն, մեծ կարեւորություն է տալիս կրթությանը։ Մեզ համար կարեւոր է, որ կարիքավոր ընտանիքներում մեծացող շնորհալի երեխաները կարողանան որակյալ կրթություն ստանալ։ IDBank-ն իր հնարավորության սահմաններում աջակցում է Հայաստանի դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծմանը, որպեսզի երեխաները ժամանակակից կրթական միտումներին համընթաց քայլեն եւ չտուժեն միայն այն պատճառով, որ ապրում են մարզերում։

Մասնավորապես, IDBank-ը համակարգչային դասարան է ստեղծել Արթիկի դպրոցում, այս տարի էլ Արցախի դպրոցներին ենք համակարգիչներ նվիրել: World Vision կազմակերպության հետ երկարամյա համագործակցություն ունենք: Դրա շրջանակում 2018 թվականին 150 երեխա կարիքավոր ընտանիքներից անվճար այցելել է ճամբար: Այս տարի եւս World Vision-ի հետ համատեղ ծրագիր ենք անելու, որի մանրամասները շուտով կհայտնենք։ Օգնել ենք ու շարունակում ենք օգնել երեխաների առողջությամբ զբաղվող բարեգործական հիմնադրամներին՝ «Մենք ենք», City of smile:

Հայտարարել ենք IDBank-ի անվան կրթաթոշակներ տրամադրելու մասին։ 5 ուսանող կստանա 1 մլն ՀՀ դրամի չափով կրթաթոշակ՝ Բանկի կողմից այս փուլի համար ընտրված բուհերում մագիստրատուրան շարունակելու համար։ «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրով աշխատանքային փորձ չունեցող նորավարտ ուսանողների համար Բանկը կազմակերպում է երկամսյա ուսումնական դասընթաց, որից հետո նրանք միանում են IDBank-ի թիմին։

Ինչպես արդեն ասացի, Rock Aid Armenia ծրագրի 2009 թվականին մեկնարկած երկրորդ փուլով վերակառուցվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը, եւ մեր աջակցությունը նախաձեռնության հոբելյանին ընդգծում է կրթական ուղղության կարեւորությունը մեր բանկի համար: Շատ հուզիչ է, որ նաեւ մեր մասնակցության շնորհիվ մոտ մեկ ամսից աշխարհի բեմերը նվաճած մեծ երաժիշտները Գյումրիում կհանդիպեն այն երեխաներին, որոնք իրենց օգնության շնորհիվ սովորում են լավ պայմաններում եւ միգուցե եւս մեծ հաջողություններ կունենան:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт